Դանակահարություն ռեստորանում ծննդյան հանդիսության ժամանակ. պատճառը հեռախոսով իրար նկարելն էր
Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ավտոտնակում աշխատելու ընթացքում բարձրությունից մետաղյա ամրանի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ նախ պարզվեց, որ տղամարդու հայտնածն իրականության հետ կապ չուներ. նրան դանակահարել էին:
Այդ օրը ռեստորանում ծննդյան արարողություն էր, որի ժամանակ մասնակիցները բջջային հեռախոսով նկարել էին իրար: Հենց այդ հարցի շուրջ էլ ծագել էր վիճաբանություն, որը շարունակվել էր ռեստորանի դիմաց, որտեղ էլ տղամարդը դանակահարվել էր։
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 28-ին 37-ամյա կասկածվողը ներկայացել է բաժին, խոստովանել ու ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: