Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից․ Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը պատրաստ են ավելի մեծ արդյունքի
Հովհաննես Բաչկովին հաղթանակ շնորհելն արդարացի որոշում էր: Նա պատրաստ է մեծ հաղթանակի: Դավիթ Չալոյանի հաջողությունն անակնկալ էր մեզ համար: Նա նույնպես պատրաստ է ավելիին: Երկուսից էլ սպասելիքներ ունենք կիսաեզրափակիչներում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Հովհաննես Բաչկովի եւ Դավիթ Չալոյանի մասնակցությամբ կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան նոյեմբերի 4-ին:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովին բողոքարկումից հետո շնորհվեց հաղթանակ։ Հիշեցնենք, որ 63,5 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչի մենամարտից հետո մրցավարները 3։2 հաշվով հաղթանակը շնորհել էին Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանին։
Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, առաջին անգամ բողոքարկելիս համոզված է եղել, որ որոշումը փոխվելու է:
Պարոն Աղամալյան, ինչպե՞ս եւ ո՞ւմ առաջարկով որոշվեց բողոքարկել քառորդ եզրափակիչի մենամարտը: Հավատո՞ւմ էիք, որ որոշումը կփոխվի:
Հովհաննես Բաչկովի մենամարտը անարդար դատեցին: Հաղթած մենամարտ էր, բայց վերջին ռաունդում երեք մրցավարներ, չգիտես ինչու, հաղթանակը տվել էին Վոնգսուվանին : Անմիջապես մենամարտից հետո բողոքարկեցինք միջազգային ֆեդերացիային եւ նամակ-դիմումով խնդրեցինք վերանայել մենամարտը: Միջազգային ֆեդերացիայի նախագահը թույլ տվեց, որ մրցավարական հանձնաժողովը վերանայի մենամարտը: Գիշերը 12-ին որոշում կայացրին եւ հաղթանակը տվեցին մեզ: Մրցավարական հանձնաժողովի երեք մրցավար է վերանայել մենամարտը, երեքն էլ հաղթանակը տվել են Բաչկովին: Եթե նրանցից թեկուզ մեկը չտար իր ձայնը, այսինքն՝ հաղթանակը չտար Բաչկովին, ոչինչ չէր փոխվի:
Մենք բողոքարկել էինք նաեւ Արթուր Հովհաննիսյանի 1/8-րդ եզրափակիչի մենամարտը, բայց հանձնաժողովի երեք անդամներից երկուսն էին հաղթանակը տվել մեզ, ինչի հետեւանքով մեր բողոքարկումը չբավարարվեց եւ հաղթանակը մնաց ամերիկացի Հիլլ Ռոսկոյին:
Մտավախություն չկար, որ անարդյունք է լինելու բողոքարկումը: Այս անգամ վստահ էի: Ամբողջ աշխարհը տեսավ, որ Հովհաննես Բաչկովը հրաշալի քառորդ եզրափակիչ անցկացրեց: Առնվազն երկու ռաունդներում նա մաքուր հաղթանակ տարավ: Հավատում էի, որ հաստատ փոխվելու է որոշումը եւ այդպես էլ եղավ:
Առաջին անգամ է Հայաստանի բողոքարկումը բավարարվում եւ մենամարտի արդյունք փոխվում: Հետագայում այս նախադեպը իր դրական ազդեցություն կունենա՞ հայ բռնցքամարտիկների մենամարտերի մրցավարության վրա:
Կարծում եմ՝ այո: Հետագայում գուցե նման խոշոր մրցաշարերում հաշվի առնվի, որ հայ բռնցքամարտիկներին ավելի արդար դատեն: Ավելի զգոն կարող են լինել: Կարծում եմ՝ այս աշխարհի առաջնություն էլ հաշվի կառնվի եւ ավելի ուշադիր կլինեն մրցավարները հաշվարկներն անելիս, միավորներ տալիս:
Դավիթ Չալոյանը հրաշալի առաջնություն է անցկացնում: Մոսկվայում անցկացված բանակայինների աշխարհի առաջնությունից առաջ Դուք տարակուսում էիք՝ ընդգրկե՞լ նրան ԱԱ-ի կազմ, թե՞ ոչ: Մեծահասակներում նման հաջող մասնակցություն սպասո՞ւմ էիք նրանից:
Դավիթ Չալոյանին ճանաչում եմ դեռ 1995 թվականից: Առաջին անգամ ես եմ նրան տարել երիտասարդների Եվրոպայի առաջնություն, որտեղ, սակայն, պարտվել էր: Չալոյանն արդարացնում է իրեն: Մենամարտ առ մենամարտ այս տղան աճում է վերջին մեկ ամսվա ընթացքում:
Բանակայինների առաջնության կազմ նրան ընդգրկել էի պայմանով, որ իրեն արդարացնելու դեպքում մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կտամ: Մոսկվայում նա նվաճեց բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչում պարտվեց նույն Մուլուջոնովին, այստեղ՝ հաղթեց:
Դավիթ Չալոյանի մասին միայն գովելի խոսքեր կարող եմ ասել: Սառնասիրտ մենամարտեր է անցկացնում, բարձր կամային որակներ ունի: Իհարկե, կան սխալներ, բայց նա աշխատում է իր վրա: Չալոյանի հաջողությունն այստեղ անակնկալ էր մեզ համար:
Այս պահին առնվազն երկու բրոնզե մեդալ ունենք: Գոհացնո՞ւմ է Ձեզ այս արդյունքը:
Կարող էր ավելի շատ լինել, բայց նաեւ կարող էր ընդհանրապես մեդալ չլինել: Կային բռնցքամարտիկներ, որոնցից ավելի մեծ սպասելիքներ ունեինք, բայց չստացվեց: Կարեն Տոնականյանը ձեռքը կոտրեց: Արթուր Հովհաննիսյանի մենամարտն անարդար դատեցին: Ես երբեք չեմ ասել եւ չեմ սիրել ասել՝ մենամարտը գողացան մեզնից, բայց սա այդ դեպքն է եւ չեմ կարող չասել. Արթուր Հովհաննիսյանի հաղթանակը գողացան մեզնից:
Այս պահին այսքանով գոհ եմ, բայց դեռ առջեւում երկու կարեւոր մենամարտ ունենք եւ մեծ սպասելիքներ այդ մենամարտերից: Համոզված եմ, որ ավելի լավ է լինելու: Բոլորն էլ մեծ աշխատանք են կատարել, իսկ Բաչկովն ու Չալոյանը պատրաստ են ավելի մեծ արդյունքի:
Սա իմ 6-րդ աշխարհի առաջնությունն է մեծերում. ոչ մի առաջնություն այսքան լարված չի անցել, ոչ մի տեղ այսպիսի պայքար չեմ տեսել: Այս առաջնությունը առանձնահատուկ է, գերլարված պայքար, մեծ թվով մասնակիցներ: Գուցե նաեւ պայմանավորված է նրանով, որ կա մրցանակային ֆոնդ: Ոչ մի թույլ մենամարտ ու թույլ բռնցքամարտիկ այստեղ չկա:
Ի՞նչ սպասելիքներ կան կիսաեզրափակիչներից:
Սպասելիքներ ունենք երկուսից էլ: Ասացի, որ այս պահին գոհ եմ այն արդյունքից, ինչ ունենք, բայց սպասում եմ ավելիին: Գոհ եմ, բայց դրանով չեմ հանգստացնում ինձ: Երկուսն էլ պատրաստ են հաղթանակների: