Անհետ կորածների և գերիների հարազատները շաբաթ օրը կհանդիպեն վարչապետի հետ
Հանդիպման ընթացքում խնդրել էինք ոստիկանապետին, որ իր աջակցությամբ հանդիպում կազմակերպվի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շաբաթ օրը վարչապետը կհանդիպի ծնողների հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է անհետ կորած զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը:
«Հիմա հարցերը պետք է խմբագրենք, թե ինչի մասին ենք խոսելու եւ հայտնենք, թե քանի ծնող է մասնակցելու հանդիպմանը: Մեր պահանջն ու խնդրանքն է, որ լինեն շատ սահմանափակ թվով մարդիկ, որ կարողանանք մեկս մյուսին լսել, փորձը ցույց է տվել, որ ինչքան ծնողները շատ են եղել, ամեն մեկն ուզել է անհատապես իրեն հուզող հարցի պատասխանը ստանալ, բայց մենք ուզում ենք ընդհանուր պատասխան լսել, հասկանալ՝ քննչական գործողությունների արդյունքում ի՞նչ ունենք այս պահին, ԴՆԹ հետազոտությունների մասով ի՞նչ արդյունքներ ունենք, կան գերիներ, որոնց գերեվարման փաստը հաստատված է, կան որոշները, որոնց դեպքում դա կասկածելի է, պետք է պարզել՝ նրանցից քանիսի՞ մասով է հստակ տեղեկատվությունը եւ քանի՞սն են շարունակում անհետ կորած համարվել»,- հայտնել է Մխիթարյանը:
Ժամեր առաջ անհետ կորած համարվող զինծառայողների տասնյակ ծնողներ փակել էին ՀՀ կառավարության շենքին հարող Տիգրան Մեծի պողոտան՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ: Ավելի ուշ հարազատները բացել էին փողոցը, քանի որ փոխոստիկանապետի հետ հանդիպելու եւ ոստիկանության միջնորդությամբ վարչպետի հետ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել: