Քրեական գործ 30 մարդու նկատմամբ՝ Էրդողանին մահ ցանկանալու համար
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը քրեական գործեր է հարուցել 30 անձի նկատմամբ, որոնք համացանցում նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ են տարածել՝ հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալով՝ գրառումներում մահ են ցանկացել պետության ղեկավարին։ Թուրքիայի իշխանությունները Թվիթերում հայտնաբերել են նմանատիպ հրապարակումների 30 հեղինակի և նրանց մեղադրել ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և նախագահին վիրավորելու համար։ Եթե օգտատերերը մեղավոր ճանաչվեն, նրանց կսպառնա ազատազրկում։
Թուրքիայում 9 տարվա ընթացքում նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործերն աճել են 9 հազար տոկոսով։
Ըստ AP-ի՝ նմանատիպ գրառումները տարածվել են համացանցում՝ 67-ամյա Էրդողանի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին։
Ermenihaber-ն էլ նշել է, որ «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործերը՝ դրանց քանակի և բնույթի վերաբերյալ քննարկումները, թուրքական հասարակությունում կրկին օրակարգ մտան, երբ քրեական գործ հարուցվեց Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա Ալիյե Յաբանսուի դեմ։
Դատախազության մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ծեր կինը «Թուրքիայի Հանրապետության նախագահի պատիվը և արժանապատվությունը վիրավորող խոսքեր է ասել»։