Սաուդյան Արաբիայի հնագետները մոռացված թագավորությունների պեղումներ են կատարում
Սաուդյան Արաբիայի հյուսիսարեւմտյան Ալ-Ուլա անապատի եւ լեռների մեջ հնագետները պեղում են հնագույն եւ վաղուց մոռացված Դադան եւ Լիհիան թագավորությունները, հայտնում է Reuters-ը։
Ալ-Ուլան հայտնի է հիմնականում 2000-ամյա Մադաին Սալեհ քաղաքի վեհաշուք դամբարաններով, որոնք ժայռերի մեջ փորել են նաբաթեյցիները, նախաիսլամական արաբները, որոնք կառուցել են նաեւ Պետրան՝ Հորդանանում:
Ֆրանսիացի եւ սաուդցի հնագետների թիմն այժմ կենտրոնացած է հինգ մոտակա հողամասերի պեղումների վրա, որոնք կապված են դադանցիների եւ լիհիանցիների քաղաքակրթությունների հետ, որոնք տարածաշրջանային կարեւոր տերություններ են եղել եւ ծաղկել են 2000 տարի առաջ:
«Սա նախագիծ է, որն իսկապես փորձում է բացահայտել (այս) քաղաքակրթությունների գաղտնիքները»,- ասել է Աբդուլռահման Ալ-Սոհայբանին, ով ղեկավարում է Դադանի հնագիտական առաքելությունը:
Դադանը հիշատակվում է Հին Կտակարանում, իսկ Լիհիանը եղել է ժամանակի խոշորագույն թագավորություններից մեկը, որը ձգվել է հարավում գտնվող Մեդինայից մինչեւ ժամանակակից Հորդանանի հյուսիսում գտնվող Աքաբա:
Մոտ 900 տարվա ընթացքում, մինչեւ մ.թ. 100թ., թագավորությունները վերահսկել են կենսական կարեւոր առեւտրային ուղիները, սակայն դրանց մասին շատ քիչ բան է հայտնի։ Թիմը հույս ունի ավելին իմանալ նրանց երկրպագության ծեսերի, հասարակական կյանքի եւ տնտեսության մասին:
Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետազոտող Ժերոմ Ռոմերի խոսքով՝ նախկին պեղումները սահմանափակվել են սրբավայրի հիմնական տարածքով։
Ալ-Ուլան հայտնի է դարձել Սաուդյան Արաբիայի տնտեսությունն ու հասարակությունը փոխելու թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ձգտումների արդյունքում: Թագավորությունը հենվում է զբոսաշրջության վրա, քանի որ փորձում է բացվել աշխարհի առաջ եւ դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը նավթից:
Ալ-Ուլայի զարգացումը նախաիսլամական ժառանգության վայրերը պահպանելու շարժման մի մասն է՝ ոչ մահմեդական զբոսաշրջիկներին ներգրավելու եւ ազգային ինքնությունը ամրապնդելու համար: