Հիվանդության հետևանքով մահացել է հայ ժողովուրդի բարեկամ, թուրք մտավորական Տողան Աքհանլըն
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, 64 տարեկանում կյանքից հեռացրել է Հայոց Ցեղասպանության դատապարտման համար պայքարած թուրք մտավորական Տողան Աքհանլըն։ Այս մասին հայտնում է «Արևելք»-ը։
«Տողան Աքհանլըն ծնած է 1957-ին, ներկայիս Թուրքիոյ տարածքին գտնուող Արտուին նահանգի Շավշաթ գաւառին մէջ։ Ան բազմաթիւ վէպերու եւ ներկայացումներու հեղինակ էր։ 1985-1987 թուականներուն Աքհանլըն իր ձախակողմեան հայեացքներուն պատճառով Սթամպուլի մէջ ձերբակալուած է որպէս ընդդիմադիր և կտտանքներու ենթարկուած է թրքական բանտին մէջ, իսկ 1991-ին գաղթած է Գերմանիա։ 2001-ին ստացած է Գերմանիոյ քաղաքացիութիւն։ Աքհանլըն յայտնի էր մարդու իրաւունքներու, պատմութեան եւ յիշողութեան մշակոյթի թեմաներուն նուիրուած իր աշխատանքներով։
Գերմանական «Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ Աքհանլըի մահուան կապակցութեամբ ցաւակցութիւն յայտնած է նաեւ Թուրքիա-Գերմանիա մշակութային ֆորումը, որ իր թուիթըրեան էջին մէջ շեշտած է այս թուրք մտաւորականին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար պայքար մղած ըլլալու փաստը։
Ան 2005-ին այցելած է Հայաստան և մասնակցած է Հայոց Ցեղասպանութեան թեմայով միջազգային գիտաժողովին։ 2018-ին Երեւանի մէջ հրատարակուած է Աքհանլըի «Ահեղ դատաստանի դատաւորները» գիրքին (թրք.` “Kıyamet Günü Yargıçları”) հայերէն թարգմանութիւնը»,- գրում է լրատվամիջոցը: