105 տարեկանում մահացել է ՌԴ-ում Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերանը
Հյուսիսային Օսիայում մահացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերան Տիմոֆեյ Մարզոևը։ Նա 105 տարեկան էր։ Այս մասին նոյեմբերի 2-ին ֆեյսբուքում հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, գրում է iz.ru-ն։
«Այսօր կյանքից հեռացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Տիմոֆեյ Մարզոևը։ Այս տարվա գարնանը մենք շնորհավորեցինք Տիմոֆեյ Գեորգիևիչին 105-րդ տարեդարձի կապակցությամբ, հանձնեցինք Ռուսաստանի ռեկորդների գրքի վկայականը՝ որպես երկրի ամենատարեց վետերան, լսեցինք ռազմաճակատի մասին նրա պատմությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարզոևը մասնակցել է Կովկասի ազատագրմանը, կռվել է Ուկրաինայում, Մոլդովայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում։ Հաղթանակը դիմավորել է Ավստրիայում։ Նա պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար», «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալներով։