Անհասկանալի է, թե որտեղից են ՀՀ իշխանությունները վերցրել 7 տոկոս տնտեսական աճի թվերը
Անհասկանալի է, թե որտեղից են ՀՀ իշխանությունները վերցրել 7 տոկոս տնտեսական աճի թվերը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
«Որտեղի՞ց այդ 7 տոկոսը։ Այդ գումարներն ակնկալում եք Ամուլսարի հանքի շահագործումի՞ց, թե՞ ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում կսկսվի տնտեսական աճ։ Եթե երկրորդը, ապա կխնդրեմ հստակեցնել՝ գնահատել եք արդյոք հայ-թուրքական սահմանի բացումից տնտեսական ազդեցությունը»,-հարց ուղղեց Խաչատրյանը։
Քերոբյանն իր հերթին հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը հաշվի չի առնվել կանխատեսվող տնտեսական աճի մեջ։ Խոսելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավոր վերսկսման մասին՝ նախարարը նշեց, որ դա, ամեն դեպքում, ժամանակ է պահանջում։ «Եթե նույնիսկ բոլոր խնդիրները լուծվեն, եւ հանքը վերադառնա շահագործման ռեժիմի, լավագույն դեպքում 12 ամիս կպահանջվի: Այժմ սպասում ենք քրեական գործի արդյունքներին։ Սրանից են կախված Ամուլսարի հարցի հետագա քննարկումները»,-նշեց նախարարը։