Բարձր գնով կարտոֆիլ գնելու ՌԴ-ի մղումը ազդում է, որ հայ գյուղացին գինը բարձրացնի նաև ներսի շուկայում. Քերոբյան
Մեզ շատ է անհանգստացնում գնաճը, որը համաշխարհային երևույթ է, աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Գների բարձրացման որպես ֆունդամենտալ պատճառ նա նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ժամանակ «հանգցվեցին» գործարանները, հիմա, երբ պահանջարկը վերականգնվեց, պարզվեց, որ լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել, աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով կա խորը խզում պահանջարկի և առաջարկի միջև։
Լրագրողների դիտարկումներին, որ Հայաստանում բանջարեղենի գինն այս սեզոնի համար բավականին թանկ է, նաև նկատի պետք է ունենալ, որ Հայաստանում արտադրվող ապրանք է, Վ. Քերոբյանն ասաց. «Հայաստանը հաղորդակից անոթներով միացած է ամբողջ աշխարհին։ Օրինակ՝ եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում Հայաստանում համապատասխան ապրանքների վրա։
Անցած տարի Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ, այս տարի 40 հազար տոննա կարտոֆիլ բարձր գնով։ Բնականաբար, բարձր գնով կարտոֆիլ գնելու Ռուսաստանի մղումը ազդում է նրա վրա, որ տեղացի գյուղացիները բարձրացնում են կարտոֆիլի գինը հայկական շուկայի համար, քանի որ ունեն ընտրություն վաճառել դրսում բարձր գնով։ Մենք այդ ընտրությունը չենք սահմանափակում, քանի որ գյուղատնտեսությունը մի տարի լավ է լինում, մի տարի վատ, և եթե մեր գյուղացիներն ունեն հնարավորություն բարձր գնով կարտոֆիլ վաճառելու, մենք այդ հնարավորությունից չենք զրկում նրանց։ Իհրակե, դա ազդում է գնաճի վրա, ինչը մեզ շատ է անհանգստացնում»։