Օլգա Բուզովան «բացահայտել» է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի «սուտը»
Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան իր մասնակցությամբ ներկայացումը չեղարկելուց հետո Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին մեղադրել է ստելու համար։ Նա ինստագրամյան էջում «մերկացնող» հրապարակում է արել։
«Հիմա ժամանակն է, երբ ես պետք է պաշտպանվեմ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ստից եւ ճշմարտությունը պատմեմ ձեզ։ Երեկ մեր աշխատակազմից մի քանիսն ինձ հրաժեշտ են տվել հաղորդագրության միջոցով, թեեւ ըստ գրաֆիկի՝ ես ներկայացումներ ունեի նոյեմբերի 2-ին եւ 23-ին։ Ես ստորագրած պայմանագիր ունեմ։ Եթե պարոն Կեխմանի համար իմ թեկնածությունը գրավիչ չէ, ինչու այդ մասին չասել ազնվորեն, ուղիղ եւ բացահայտ։ Հանդիսատեսին մոլորության մեջ մի գցեք»,- գրել է Բուզովան։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը չեղարկել է Օլգա Բուզովայի մասնակցությամբ «Հիասքանչ վրացին» ներկայացումը՝ դա պայմանավորվելով տոմսերի վատ վաճառքով։ Երգչուհին արձագանքել էր հայտարարությանը՝ նշելով, որ բոլոր տոմսերը վաճառված են եղել։ Սակայն թատրոնի ղեկավարությունը Բուզովային մեղադրել է ներկայացումը ոչ ժամանակին գովազդելու մեջ, ինչի արդյունքում այն չեղարկել են։