«Ոչ թե կարծում եմ, այլ գիտեմ». Մակրոնը հայտարարել է, որ Ավստրալիայի վարչապետն իրեն ստել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ստել է իրեն, երբ գաղտնի բանակցում էր ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ սուզանավերի գործարքի շուրջ, գրում է Associated Press-ը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կարծում է, որ Մորիսոնը խաբել է իրեն, Մակրոնը պատասխանել է. «Չեմ կարծում, գիտեմ», նա ստել է։
Հայտնի է, որ Ֆրանսիայի և Ավստրալիայի միջև լարվածություն է առաջացել Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև նոր AUKUS գործընկերության պատճառով: Ավստրալիան, այս եռակողմ գործընկերության կնքման լույսի ներքո, հայտարարել է ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի մասին համաձայնագրից դուրս գալու մասին: Համաձայնագրի արժեքը կազմում էր 56 միլիարդ եվրո։ Սա տհաճ անակնկալ է եղել Փարիզի համար:
AUKUS պակտը վրդովեցրել է Ֆրանսիային, որն ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին հետ էր կանչել՝ կորցրած գործարքի պատճառով:
Մակրոնն ու Մորիսոնը Հռոմում առաջին անգամ զրուցել են այն բանից հետո, երբ Ավստրալիան չեղարկել է ֆրանսիական սուզանավերի պայմանագիրը։ Նրանք երկուսն էլ Հռոմում էին G20 երկրների խմբի գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն երկկողմ հանդիպում չեն անցկացրել: