Բակում ջուր էր խնդրել, մինչ տանտերը ջուր կբերեր, մտել էր տուն, մահճակալի տակից գողացել մոտ կես միլիոն դրամ, 200 եվրո
Սեպտեմբերի վերջին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի տնից գողություն էին արել։ Հանցամիտը մոլորեցրել էր տանտիրոջը։ Բակում նրանից ջուր էր խնդրել, և մինչ տարեց տղամարդը ջուր կբերեր, մտնել էր տուն, ննջասենյակի մահճակալի տակից գողացել մոտ կես միլիոն դրամ, 200 եվրո ու հեռացել։
Ոստիկանությունից հայտնում են, որ տանտերը ոստիկանություն չէր դիմել, փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին։ Բայց՝ ապարդյուն։
Բնակարանային գողությունը բացահայտվեց ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ։
Հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Կոշ գյուղից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց նույն գյուղի 55-ամյա մի բնակիչ։
Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողացած գումարի մի մասը։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։