Մանչինի․ Կիսում ենք Մոուրինյոյի ցասումը, 11 մետրանոց չկար Իբրահիմովիչի դեմ խաղում
«Ռոմայի» իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին դժգոհել է «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 11-րդ տուրի խաղում մրցավարների որոշումներից։
«Ռոման» տանը պարտվել էր 1։2 հաշվով։ Երկրորդ գոլը «Միլանը» խփել էր 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ խախտման հետեւանքով նշանակված 11 մետրանոցի արդյունքում։
«Մենք կիսում ենք Մոուրինյոյի ցասումը։ Բոլորս տեսանք դրվագը։ Իբանյեսը չէր խախտում կանոնները Իբրահիմովիչի նկատմամբ։ VAR-ը չօգնեց։ Իբանյեսի դեպքում 11 մետրանոց նշանակեցին, իսկ Կյաերը հարվածեց Պելեգրինիի ոտքին, սակայն 11 մետրանոց չեղավ։
Առաջին խաղակեսում «Միլանը» շատ լավ խաղաց, սակայն երկրորդ խաղակեսում մենք վերադասավորվեցինք եւ ավելի շատ էինք ճնշում գործադրում։ Այդպիսի դիմակայություններում հաշվի տարբերությունը մեկ դրվագի հարց է։ Այս անգամ դրվագները մեր օգտին չէին։ Պելեգրինի դեմ խաղում մաքուր 11 մետրանոց էր, բայց չնշանակվեց։
Իբանյեսի եւ Իբրայի դրվագում երկու պրոֆեսիոնալների բացարձակ նորմալ պայքար էր։ Եթե ամեն անգամ այդպիսի հպման համար 11 մետրանոց նշանակեն, ֆուտբոլ այլեւս չի լինի։ Հասկանում ենք, որ մրցավարն էլ մարդ է եւ կարող է սխալվել, բայց հետո VAR-ը կանչեց դրվագը դիտելու համար, նշանակում է եղել է սխալ։
12 զգուշացում։ Անգլիայի Պրեմիեր լիգայում այդպիսի 11 մետրանոցը ծիծաղ կառաջացնի։ Ամեն խախտումը Իտալիայում դեղին քարտ է դառնում»,- Մանչինիի խոսքը մեջբերում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը։
«Միլանը» 31 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին»։ «Ռոման» 19 միավորով 5-րդն է։ Հաջորդ տուրում «Միլանը» կընդունի չեմպիոն «Ինտերին», «Ռոման» կհյուրընկալվի «Վենեցիային»։