«Արցախ, ցավտ տանիմ». Անդրեի նոր տեսահոլովակի շնորհանդեսը կայացել է Ստեփանակերտի կենտրոնում
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում՝ բազմահազար արցախցիների ներկայությամբ տեղի է ունեցել Անդրեի «Արցախ, ցավտ տանիմ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ երգիչը, տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Եսայանն է: Հոլովակում ներառված են նաեւ Արցախյան պատերազմից իրական կադրեր:
Ավելի վաղ, անդրադառնալով, Արցախում կայանալիք պրեմիերային, Անդրեն ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել էր՝ «Արցախի մասին՝ հենց Արցախի սրտում»:
Պատերազմից հետո սա Անդրեի երկրորդ այցն էր ծննդավայր: NEWS.am STYLE-ի հետ նախորդ զրույցում երգիչը խոսել էր Արցախ կատարած իր առաջին այցի մասին՝ նշելով.
«Դժոխքի ճանապարհ էր... Մի քանի ամիս հոգեպես պատրաստել եմ ինձ... Արցախի երգերը լսելով՝ մտանք Արցախ, տառապեցինք, լաց եղանք, բայց հասկացանք, որ մենք կանք, կան այն փոքրիկները, որոնք ինձ մոտենում էին, գրկում: Այն կյանքը, որը ես նրանց մեջ տեսա, հուսադրող է»: