Ինչպես վերականգնել լիարժեք քունը
Եթե մարդու համար դժվար է քնել և նա բավականաչափ չի քնում, ապա, ամենայն հավանականությամբ, նրա օրգանիզմում բացակայում է այսպես կոչված քնի հորմոնը՝ մելատոնինը: Այս մասին ռադիո Sputnik-ին պատմել է թերապևտ, իմունոլոգ Իրինա Յարցևան:
«Մեր օրգանիզմում մելատոնին հորմոնը արտադրվում է օրվա մութ ժամերին քնելիս: Եթե մարդը գիշերը չի քնում, ապա արտադրվում է կորտիզոլ՝ սթրեսի հորմոն, որն անհրաժեշտ է օրվա այդ ժամին օրգանիզմին աջակցելու համար, որպեսզի այն չքնի: Սա հանգեցնում է քնի ռիթմի խախտման», – ասել է բժիշկը:
Ըստ Յարցևայի՝ այդ դեպքում քունը դառնում է ոչ լիակատար, ընդհատվող, և ութ ժամ քունը բավարար չի լինում լիարժեք վերականգնման համար, և դրա հետևանքով առավոտյան մարդն արթնանում է հոգնած:
Քունը կարող է բարելավվել դեղորայքի կամ սննդային հավելման տեսքով մելատոնին ընդունելով, բայց դա չի գործի, եթե մարդը չի պահպանում քնի հիգիենան և քնում է գիշերվա տասներկուսից հետո:
«Մելատոնինը գործում է միայն քնած ժամանակ: Եթե ժամը տասին մելատոնին ընդունեք և տասնմեկին քնեք՝ դա կօգնի: Բայց, իհարկե, անհրաժեշտ է պահպանել մնացած բոլոր կանոնները. քնելուց մեկ ժամ առաջ՝ ոչ մի գաջեթ, հեռուստացույց, պայծառ լույս, ավելի լավ է գիրք կարդալ կամ երաժշտություն լսել կիսախավար սենյակում», – ընդգծել է թերապևտը:
Այդ ժամանակ մելատոնինը կօգնի կարգավորել քունը, և օրգանիզմն աստիճանաբար կսկսի արտադրել քնի հորմոն, և արդյունքում մարդը խորը քուն կմտնի, նորմալ կքնի և դա օրգանիզմի համար բավարար կլինի, նշել է Յարցևան:
Մարդկանց մեծամասնության համար մելատոնին ընդունելը անվտանգ է, բայց հնարավոր ալերգիկ ռեակցիաների մասին ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ: Այն դեպքում, երբ անհնար է կարգավորել քնի ռեժիմը այս հորմոնի օգնությամբ, ապա առավել քան անհրաժեշտ է մասնագետի հետ խորհրդակցել, – ամփոփել է բժիշկը: