Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկման հեռանկարները
Հոկտեմբերի 30-ին Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
«Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի մի շարք հարցերի և երկկողմ կապերի առանցքային ասպեկտներին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը:
Ղարաբաղի հարցով վեցակողմ համագործակցության ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը: Իրանը ողջունել է այդ գաղափարը ՝ վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։
Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հոկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացվի նոր բանակցային ձևաչափով՝ չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին: Այս հայտարարությունը խիստ քննադատության է արժանացել ընդդիմության կողմից։