«Մարզվել պետք է առողջ լինելու, ոչ թե մարմինը փոխելու համար». պլյուս չափսի հայտնի մոդել Էշլի Գրեմը նշում է 34-ամյակը (Լուսանկարներ)
Պլյուս չափսի ամենահայտնի մոդելներից մեկը՝ Էշլի Գրեմն, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, նշում է ծննդյան 34-ամյակը: Գրեմը նորաձեւության աշխարհում զգալի դեր ունի ընդունված կարծրատիպերը կոտրելու գործում՝ իր մեծ աշխատանքով ապացուցելով, որ գեղեցկությունն ու նորաձեւությունը չափանիշներ չունեն:
«Պոդիումը միայն նորաձեւություն ցուցադրելու հարթակ չէ, այն նաեւ ինքնավստահություն ձեռք բերելու մասին է: Ես, իսկապես, կարծում եմ, որ երբ դու ձեռք ես բերում ինքնավստահություն, կարող ես ե´ւ հագնել, ե´ւ անել այն ամենը, ինչ ուզում ես»,-ասել է մոդելը:
Նրա ոգեշնչող մեջբերումներից եւս մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Դու կարող ես լինել սեքսուալ եւ քեզ հրաշալի զգալ՝ անկախ նրանից, թե ինչ քաշ ունես»:
«Բարեմասնություններ ունեցող աղջիկները կարող են ցանկացած կերպար իրենցը դարձնել. հենց այդպես էլ մենք անում ենք»:
«Երբ կանայք քաշ են հավաքում, սկսում են իրենք իրենց քննադատել, բայց դա ո՞ւմ գործն է: Ընդունիր այն, ինչ ունես: Փորիկիդ ասա՝ հնարավոր է՝ դու մի փոքր դուրս ես ցցված, բայց ես քեզ սիրում եմ հենց այդպիսին»:
«Ոմանց համար ես շատ կլորիկ եմ, ոմանց համար՝ չափազանց բարձրահասակ, ոմանք կասեն՝ փոքր եմ, կամ էլ՝ շատ մեծ. չես կարող, միանշանակ, բոլորին բավարարել»:
«Սեքսուալությունը հոգեվիճակ է, որը կարող է պատահել բոլոր չափսերի ու կառուցվածքի մարդկանց հետ: Այն տարբեր է տարբեր մարդկանց ընկալումներում»:
«Ես ազատ զգացի այն ժամանակ, երբ հասկացա, որ չեմ տեղավորվելու այն չափանիշների մեջ, որոնք թելադրում է նեղ մտածողություն ունեցող հասարակությունը»:
«Կան պատճառներ, որոնք ստիպում են քեզ փակել շրջանակներդ, բայց կան նաեւ պատճառներ, որոնք թելադրում են բաց անել դռները»:
«Պետք է միասնական աշխատանք տանենք, որպեսզի բնորոշենք գեղեցության գլոբալ չափանիշները եւ աշխարհը դարձնենք ավելի ներառական»:
«Ամենասխալ մտածողությունն այն է, երբ գնում ենք մարզասրահ՝ մեր մարմինը փոխելու նպատակով: Մարզվել պետք է առողջ լինելու համար»:
«Նորաձեւության աշխարհն ինձ անվանում է «պլյուս չափսի» մոդել, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս դա բնորոշել, որպես «իմ սեփական չափս»»:
«Ես փորձում եմ փոխել կանանց մտածողությունն իրենց իսկ մարմնի մասին»: