Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ եւ նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարությունը։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը եւ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանը, որպես միջոցառման համակազմակերպիչներ, ինչպես նաեւ որոշ պաշտոնատար անձինք ողջունել են պետական նախարարի այցը եւ կարեւորել համայնքի հետ անկեղծ ու բաց շփումները:
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:
Դրանից առաջ պետական նախարարը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի կողմից եւ մտքեր փոխանակել Սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ: