Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի այն դեպքում, եթե Երեւանը կատարի թուրքական նախապայմանները. Սաֆրաստյան
Թուրքիայի համար խոչընդոտներ չեն մնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականում Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մեկնել էր Ադրբեջան` Վարանդայում վերջին ամիսների ընթացքում կառուցված օդանավակայանի բացման մասնակցելու:
«Ամուր խաղաղության կառուցման պայմանները հիմա բարենպաստ են, ինչպես երբեք։ Այդ հարցում Հայաստանին անհրաժեշտ է ցուցաբերել անկեղծ կամք Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման համար։ Եթե նա դա անի, որևէ խոչընդոտ չի լինի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար»,- հայտարարել էր Էրդողանը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Էրդողանի հայտարարություններն օգտագործվում են իրենց ավանդական հռետորաբանության շրջանակում, որոնք նպատակ չունեն իրական ճանապարհ հարթել Հայաստանի հետ բանակցություններ սկսելու եւ հարաբերությունները կարգավորելու համար:
«Իրական նպատակն է ոչ թե հարաբերությունները կարգավորել, այլ օգտագործելով պատերազմում Հայաստանի կրած պարտությունն ու ուժեղացնելով ճնշումը վերջինի նկատմամբ` հասնել նրան, որ Հայաստանն ընդունի Թուրքիայի նախապայմանները»,- նշել է Սաֆրաստյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 28-ին «CNN Turk»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկում է Ադրբեջանի հետ. «Այդ հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ նախագահ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած այցի ժամանակ։ Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։ Մենք, մեր հերթին, հայտարարեցինք, որ փոխադարձ գործողություններ ենք իրականացնելու Հայաստանի դրական քայլերի նկատմամբ, բայց թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին, դա նույնպես քննարկում ենք: Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին խաղաղ պայմանագիր կնքել։ Հայաստանում, սակայն, դրական շրջադարձ դեռեւս չի եղել, բայց Հայաստանն արդեն ընդունում է, որ այն քայլերը, որոնք մենք անելու ենք, անելու ենք Ադրբեջանի հետ միասին»:
Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է` Թուրքիան ավագ գործընկերն է Ադրբեջանի հետ հարաբերություններում, եւ հիմա ոչ թե իր գործությունները համաձայնեցնում է Բաքվի հետ, այլ վերջինին տեղյակ է պահում դրանց մասին:
«Մենք պետք է լավ հասկանանք, որ այստեղ խոսք չի գնում երկու ուժեղ եւ հավասար պետությունների մասին` Ադրբեջանը համեմատաբար ավելի թույլ է եւ, փաստորեն, Թուրքիայի կողմից սկսվել է Ադրբեջանի կլանման գործընթացը: Չավուշօղլուի հայտարարության մեջ նոր բան ես չեմ տեսնում, որովհետեւ Թուրքիան մի քանի նախապայմաններ էր ներկայացնում Հայաստանին` այդ թվում պահանջելով, որ հրաժարվի աջակցել Արցախին, եւ Չավուշօղլուն այլ բառերով նույն պայմանն է կրկնում»,- նկատել է ակադեմիկոսը:
Անդրադառնալով օրեր առաջ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, որ խաղաղ համակեցության հաստատումը ձեռնտու կլինի նաեւ Հայաստանին` այդ թվում «Թուրքիայի հետ հարաբերությունները ապասառեցնելու եւ դրանց ժամանակակից տեսք տալու հարցում», Սաֆրաստյանը պնդում է` Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում կայունություն հաստատվի, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, կոմունիկացիաները գործեն:
«Ռուսական կողմին հնարավորություն կտա երկաթգծով Թուրքիայի հետ կապվել, ինչը լիովին հասկանալի է ռուսական կողմի տեսանկյունից: Տեսնում ենք, որ առաջին անգամ Ռուսաստանն է փորձում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել, մինչ այդ` սկսած 1990-ականներից Միացյալ Նահանգներն է այդ խնդիրը փորձել լուծել, ինչն ամերիկացիների մոտ չստացվեց: Բայց կասկածում եմ, որ Ռուսաստանին կհաջողվի դա տրամաբանական ավարտին հասցնել, որովհետեւ պետք է, իմ կարծիքով, պարզ հասկանանք` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ինչ շահագրգռվածություն ունի, դա իրեն պետք է, ինչն է իրեն այդ հարցում հետաքրքիր»:
Սաֆրաստանը համամիտ է այն կարծիքների հետ, որ Թուրքիան մտադրություն կարող է ունենալ պատերազմի հետեւանքով թուլացած Հայաստան տնտեսապես ներթափանցել եւ դա երկարաժամ այլ կողմ էլ է նկատում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: