«Ասաց, որ լավ կաթոլիկ եմ». Բայդենը պատմել է՝ ինչի մասին է Վատիկանում փակ դռների հետևում զրուցել Հռոմի պապի հետ (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմել է՝ ինչի մասին է Վատիկանում փակ դռների հետևում զրուցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը, գրում է Daily Mail-ը:
Ըստ նախագահի՝ պոնտիֆիկոսն իրեն ասել է, որ ինքը լավ կաթոլիկ է, ինչպես նաև խորհուրդ է տվել շարունակել հաղորդություն ստանալ:
«Մենք պարզապես խոսեցինք այն մասին, որ նա ուրախ էր, որ ես լավ կաթոլիկ եմ և պետք է շարունակեմ հաղորդություն ստանալ», - ասել է Բայդենը հանդիպումից հետո:
Նա նաև մանրամասնել է, որ ինքն ու պոնտիֆիկոսը միմյանց համար աղոթքներով են փոխանակվել։ Նախագահն ասել է, որ աղոթել է «խաղաղության համար»:
«Հանդիպումը հրաշալի էր», - լրագրողներին ասել է Բայդենը՝ ԱՄՆ-ի երկրորդ կաթոլիկ նախագահը, որը պետք է Պապի հետ զրուցեր ընդամենը մեկ ժամ, սակայն լրացուցիչ ժամանակ է ստացել։
Նրա փոխանցմամբ՝ իրենք խոսել են նաև կլիմայի փոփոխության մասին:
Այնուհանդերձ, Բայդենն ու կաթոլիկների հոգևոր առաջնորդը Վատիկանի փակ դռների հետևում 75 րոպե տևած հանդիպման ընթացքում չեն քննարկել ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման վիճելի հարցը: