Նեյմար․ Կցանկանայի Մեսիի հետ ՊՍԺ-ում կրկնել այն, ինչ արել ենք «Բարսելոնայում»
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հիշել է «Բարսելոնայի» հետ նվաճած տիտղոսները՝ հույս հայտնելով, որ հաջողությունը կկրկնի փարիզյան թիմում։
«Կցանկանայի Մեսիի հետ այստեղ կրկնել այն, ինչ արել ենք «Բարսելոնայում»։ 2017-ին այս նախագծին միանալուց ունեցել եմ միայն հաղթանակի մասին մտքեր։
Հիմա մենք ավելի ուժեղ կազմ ունենք ՊՍԺ-ում, ավելի բարձրակարգ խաղացողներ։ Այս կազմի յուրաքանչյուրի անհատական տաղանդը մեկնաբանելու կարիք չկա։ Պետք է հարմարվել իրար։ Հենց դա տեղի ունենա, մենք կդառնանք շատ հզոր թիմ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Նեյմարը «Բարսելոնայում» դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում ՊՍԺ-ն 1։1 հաշվով է խաղացել բելգիական «Բրյուգեի» հետ, 2։0 հաշվով հաղթել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», 3։2 հաշվով՝ գերմանական «ՌԲ Լայպցիգին»։