Sotheby's-ն աճուրդի կհանի Նապոլեոնի կնոջ տիարաները
Հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի կնոջ՝ Ժոզեֆինայի տիարաները՝ պատրաստված 19-րդ դարում: Ինչպես գրում է Daily Mail-ը, պատմական նմուշներն աճուրդի կհանվեն Ժնևում՝ դեկտեմբերին:
Խոսքը 1808-ին Փարիզում պատրաստված երկու տիարայի մասին է: Դրանք զարդարված են կիսաթանկարժեք քարերով: Տիարաները ստեղծված են նեոդասական դիզայնով, որն իր գագաթնակետին է հասել Բոնապարտի կառավարման տարիներին:
Հայտնի է, որ այս նմուշներն առնվազն 150 տարի պահվել են Մեծ Բրիտանիայում՝ մասնավոր հավաքածուում: Ենթադրվում է, որ դրանցից մեկը կվաճառվի 200 000- 300 000, իսկ մյուսը՝ համապատասխանաբար 100 000-200 000 ֆունտ ստերլինգով: