Մեկնարկում է «Հայահավաք» նախագիծը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայահավաք» նախագիծը։
«Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։
Ծրագրի նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապին, մշակույթով միավորել հայությանը՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական դիրքից:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և դիրիժոր Միսաք Պաղպուտարյանի համերգով կտրվի ծրագրի մեկնարկը։ Որպես մենակատար՝ հանդես կգա ջութակահար Աստղիկ Վարդանյանը։ Ծրագրում կհնչեն Դանիել Երաժիշտի, Սուլհի Ալուատիի, Տիա Սուքարիի, Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործություններից։ Համերգը նվիրված է սոցիալական աշխատողի օրվան, որը նշվում է նոյեմբերի 4-ին:
Միսաք Պաղպուտարյանը 2003 թվականից Սիրիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է։ Նրա ջանքերով նվագախումբը մեծ հաջողություններ է արձանագրել Սիրիայում և երկրի սահմաններից դուրս, տարբեր տարիների ձայնագրել է սկավառակներ։ 1996 թ.-ին սիրիական կառավարության կողմից արժանացել է կրթաթոշակի և մեկնել Իտալիա՝ կատարելագործելու դիրիժորական հմտությունները։ Որպես դիրիժոր՝ ղեկավարել է Ալգերիայի ազգային սիմֆոնիկ, Դոմինիկյան Հանրապետության ազգային սիմֆոնիկ, «Kammerphilharmonie Grunbunden» և այլ նվագախմբեր։ 2015 թ․ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սիրիայում իրականացրել է Կոմիտաս վարդապետին նվիրված ծրագիր։