Ռոնալդ Կումանը «Բարսելոնայից» հեռացվելու համար կստանա 12 միլիոն եվրո
Հոլանդացի Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվելու համար կստանա խոշոր փոխհատուցում։ Պայմանագիրը միակողմանի խզելու հետեւանքով կատալոնական ակումբը ստիպված է 58-ամյա մասնագետին վճարել 12 միլիոն եվրո, հաղորդում է El Pais-ը։ Կումանի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Տնային «Էլ Կլասիկոյում» Մադրիդի «Ռեալին» 1։2 հաշվով պարտվելուց հետո Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 27-ին հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։
Կումանը թիմը ղեկավարում էր 2020թ․ օգոստոսից։ Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը, առաջնությունում գրավեց երրորդ տեղը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 10 խաղից հետո 15 միավորով 9-րդն է։ Չեմպիոնների լիգայում պարտվել է պորտուգալական «Բենֆիկային» (0:3) եւ գերմանական «Բավարիային» (0:3), հաղթել Կիեւի «Դինամոյին» (1:0)։