Գյումրիում բժիշկներ են ձերբակալվել
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում մի քանի օր առաջ իրավապահները ստուգումներ են անցկացրել, առգրավել են մի շարք դեղորայքներ։ Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ընկերության բժիշկներից Արտաշես Սահակյանը եւ ավագ բուժքույր Ջուլիետա Սարգսյանը ծանուցվել են, որից հետո ձերբակալվել։
NEWS.am-ի հետ զրույցում «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Նադյա Բաղդասարյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչո՞ւ են ձերբակալվել իր աշխատակիցները, սակայն վստահ է՝ նրանք ապօրինի քայլի չէին գնա։
«Դեռ հայտնի չէ՝ ինչու են ձերբակալվել։ Եղել են ստուգումներ մեզ մոտ։ Դեղորայքներն են հաշվարկել, վերցրել են դրանք իրենց հաշվառման մատյաններում ու առգրավել։ Նույն օրվա երեկոյան երկու բժիշկներին ծանուցագիր է եկել, որ իրենք պետք է գնան բաժին, գնացել ու ձերբակալվել են։ Տեղեկություններ են տարածվել, որ հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառություն են արել ու կաշառք են ստացել. ես չգիտեմ՝ ի՞նչ կաշառք եւ ո՞ր դեղորայքի մասին է խոսքը։ Բավական երկար տարիներ այս հիմնարկում եմ աշխատում, սա առաջին դեպքն էր։ Ես չեմ կարծում, որ իմ աշխատակիցներն այդ քայլին կգնային»,- ասաց Նադյա Բաղդասարյանը։