Իրանցի գործարարները դրվատանքի խոսքեր են հնչեցրել Արտաշես Թումանյանի և դեսպանության հասցեին
Հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի է ունեցել հրաժեշտի միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր են հնչել ՀՀ դեսպան Ա.Թումանյանի և դեսպանության հասցեին։
Ելույթներով հանդես են եկել Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Բահման Էշխին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը։
Մ.Խանսարին պալատի նախագահության անունից շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես Թումանյանին։
Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն է հայտնել Թեհրանի առևտրի պալատի նախագահին և անդամներին՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար։