Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում կվերանորոգվի Սուրբ Գևորգ եկեղեցին
Սիրիայում պատերազմից հետո սիրիահայության վերականգնման աշխատանքները մշտապես եղել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կարևոր առաջնահերթություններից։ Շուտով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում կվերանորոգվի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջում։
«Սուրիոյ տագնապէն ետք, Սուրիոյ հայութեան վերականգնումի աշխատանքները միշտ կը մնան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կարեւոր առաջնահերթութիւններէն մէկը: Անցնող տարիներուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր այցելութիւններով եւ այլ աշխատանքներով, ո՛չ միայն քաջալերեց Սուրիոյ հայութեան վերակազմակերպումն ու վերականգնումը, այլ նաեւ նեցուկ ու մասնակից դարձաւ վերականգնումին նպաստող շարք մը ծրագիրներու իրագործման:
Այս ծիրէն ներս, Հոլանտայի եկեղեցիներուն կողմէ, Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին ճամբով, Նորին Սրբութիւնը օժանդակութիւն ապահովեց Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի նորոգման: Նորոգման աշխատանքները աւարտած են: Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմին ճամբով շուտով պիտի վերանորոգուի Հալէպի Ս. Գէորգ եկեղեցին, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.ի մարզադաշտը:
Վեհափառ Հայրապետը կը շարունակէ իր անմիջական աջակցութիւնը ընծայել ո՛չ միայն Հալէպի, այլ՝ Սուրիոյ տարբեր հայահոծ շրջաններու նորոգման ծրագիրներու իրագործման, ինչպէս նաեւ օժանդակութեան աշխատանքներուն»,- նշված է ֆեյսբուքյան էջում։