«Մոսկվան բոլոր հնարավոր միջոցներով կստուգի այդ տեղեկությունը». Լավրովը՝ Դոնբասում ուկրաինացիների կողմից թուրքական «Բայրաքթար»-ների կիրառման մասին
Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին տեղեկատվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտնել էր, որ զինվորականները հակամարտության գոտում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք, այն ռումբով ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը։ Մինչդեռ շփման գծի ողջ երկայնքով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով։
«Վերջին հայտարարություններից, որոնք առատ են Կիևի իշխանությունների կողմից, շատ դժվար է պարզել, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ հորինվածքը», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ Մոսկվան կստուգի այդ տեղեկությունը «բոլոր հնարավոր միջոցներով», այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը Թուրքիայից հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել՝ Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքը պաշտպանելու համար։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մերձակայքում անօդաչու սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման վերաբերյալ։