Ռուբեն Ռուբինյանը միացավ Գեղամ Մանուկյանի արձանագրմանը՝ Արցախն ուրացողը դավաճան է
Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ի իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ կապված երեկվա միջադեպին, երբ անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին ամբիոնից։
Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ասել էր. «Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցերի առաջ էր Արցախն ուրացել»։ Դրանից հետո ԱԺ փոխխոսնակ Ռ. Ռուբինյանը կարգադրել էր անջատել Գեղամ Մանուկյանի բարձրախոսը, այնուհետև դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին՝ ընդդիմադիր պատգամավորին ամբիոնից հեռացնելու համար։
Հարցին անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով. «Իմ դիրքորոշումը հետևյալն է․ ցանկացած պատգամավոր հնարավորություն պետք է ունենա և ունի իր բոլոր դիրքորոշումները անկաշկանդ հայտնելու այս ամբիոնից, ինչպես կանոնակարգ օրենքով սահմանված է, բայց ոչ մի պատգամավոր չպետք է հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։ Անվտանգության աշխատակիցները ներս են հրավիրվել այն բանից հետո կամ այն բանի համար, որ պարոն Մանուկյանը, ըստ իս, անձնավորված վիրավորել էր պարոն Խաչատրյանին, ես դրանից հետո ընդամենը անջատել եմ նրա խոսափողը»:
Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց․ «Բայց արձագանքեք, որ Արցախը ուրացողը դավաճան է», և Ռուբեն Ռուբինյանը ամփոփեց․ «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան, բայց արձանագրենք, որ մարդկանց անձնավորված այս դահլիճում չի կարելի վիրավորել»։