Խորհրդարանն իր աշխատանքը սկսեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելով
Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ներկաները ոտքի կանգնեցին եւ լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Այնուհետեւ խորհրդարանն անցավ նախօրեին քննարկված նախագծերի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ ուղիղ 22 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: