ԱԺ-ն շարունակում է քննարկել «Հայաստան» հիմնադրամի միջոցների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը (Տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, շարունակում է իր քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց: Նախօրեի նիստում խորհրդարանը քննարկել է «Հիշատակի եւ տոների մասին» օրենքի փոփոխությունները, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը:
Խորհրդարանը երեկ փակ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Բացի այդ, քննարկվել է նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջարկված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում:
Երեկ վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:
Նշենք, որ մասնավորապես, օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
- Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,
- Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,
- «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ հարցեր: