Ուկրաինան առաջին անգամ թուրքական Bayraktar է կիրառել․ ԶԼՄ
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք ՝ անջատողականների հրետանու ոչնչացման համար։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է կամավոր Ռոման Դոնիկը և լրագրող Յուրի Բուտուսովը։
Նրանց խոսքով ՝ անջատողականները հնարավոր առավելագույն հեռահարությունից (15+կմ) գնդակոծել են Դոնեցկի մարզի Գրանիտնոյե գյուղը և նրանց դիրքերը հայտնաբերելու համար օդ են բարձրացրել «Բայրաքթարը»: Դրա շնորհիվ հայտնաբերվել է մարտկոց, և հրթիռով ոչնչացվել է մեկ հրանոթ։
Ուկրաինական ԶԼՄ-ները երեքշաբթի տեսանյութ են հրապարակել, որում իբր պատկերված է Դոնբասում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքի մարտական կիրառումը:
Ուկրաինայի ՊՆ-ն դեռ չի մեկնաբանում այդ տեղեկությունը։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում նույնպես պաշտոնապես չի հաղորդվել «Բայրաքթարների» կիրառման մասին: