Կիպրոսում կազմակերպված ակցիաների ժամանակ եղել են նաև իմ դաշնակցական ընկերները, ինչի համար հպարտ եմ․ Գեղամ Մանուկյան
Ալեն Սիմոնյանն արդեն երկրորդ երկիրն է ճամփորդում միայն իշխանական պատգամավորներով՝ առանց ընդդիմադիր պատգամավորների, ինչը խորհրդանշում է միապետական և միակուսակցական վիճակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի Կիպրոս կատարած այցի ժամանակ կիպրոսահայեր կազմակերպած բողոքի ակցիային։
«Որոշներին դեմքերով ճանաչեցի, հայրենակիցներ, որոնք տարիներ շարունակ պայքարել են մեր ժողովրդի իրավունքների, Հայոց ցեղասպանության Արցախի համար և այսօր այդ կորուստն են ապրում։ Եղել են նաև իմ դաշնակցական ընկերները, հպարտ եմ դրա համար։ Չեմ ուզում անձնավորել, բայց օրինակ Սիմոն Այնեդճյան, որին երեսուն տարի ճանաչում եմ, որը մանկության տարիներից մեր ժողովրդի իրավունքների համար է պայքարել և ոչ թե դավաճանաբար Արցախ ուրացել։
Ալեն Սիմոնյանն արդեն երկրորդ երկիրն է ճամփորդում միայն իշխանական պատգամավորներով, ընդդիմադիր պատգամավորներ չկային, թեպետ ցանկություն էլ չկա նրանց հետ ճանապարհորդելու, բայց ինքնին խորհրդրանշական է այդ միապետական, միակուսակցական վիճակը, որն արտահայտվեց նաև Ազգային ժողովում, երբ պատգամավորին կարծիք ասելու համար զինվորականներով հեռացնում են։ Ազգային ժողովում չի լինի, հարյուր հրապարակ կա»,- նշեց նա։