Սահմանին վերաբերող հարցն ԱԺ–ում կքննարկվի փակ ռեժիմով. կմասնակցի նաեւ ԳՇ պետի տեղակալը
«Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ նիստի ռեժիմով: Այս առաջարկն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում ընդունվեց 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով:
Բացի այդ որոշվեց, որ այդ նիստում հարակից ելույթի հնարավորություն կտրվի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշումն ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայներով:
«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն հարց ուղղեց. «Մենք ԱԳ նախարարին էլ էինք առաջարկել ներգրավել: Պատճառն ի՞նչն է, որ նա ներգրավված չէ, որովհետեւ բավականին հարցեր վերաբերում էին այդ ոլորտին»:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ես ընդդիմության առաջարկը փոխանցել եմ կառավարությանը եւ ըստ էության, կառավարությունը հարկ է համարել հիշյալ պաշտոնյաներին գործուղել այդ քննարկման համար»: