Ուշացած երդում. Արթուր Սարգսյանը Ազգային ժողովում երդվեց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով կալանքից ազատվելուց հետո առաջին անգամ էր մասնակցում ԱԺ նիստերին, սահմանբված կարգով երդվեց:
«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման, երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալություն»,-ընթերցեց նա երդման տեքստը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 14-ին. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախաքննական մարմնի՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ շահադիտական նպատակով եւ անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը: