Հարավաֆրիկյան Կրյուգեր ազգային պարկում փիղը ոտնատակ է արել որսագողին ու սպանել
Հարավաֆրիկյան Կրյուգեր ազգային պարկում փիղը ոտնատակ է արել որսագողին ու սպանել: Կրյուգեր ազգային պարկը թվիթերյան իր էջում գրել է, որ «որսագողության կասկածյալին» սպանել է փիղը: Մոտակայքում սատկած կենդանիներ չեն գտնվել։ Պարկում զգուշացրել են, որ տարածքում «ապօրինի որսը վտանգավոր է»։
Britannica.com-ի տվյալենրով՝ Հարավային Աֆրիկայի հյուսիս-արեւելքում գտնվող պարկը երկրի ամենամեծ ազգային պարկն է:
Որսագողությունը զգալիորեն ազդել է փղերի առողջության եւ էվոլյուցիայի վրա. Մոզամբիկի Գորոնգոսա ազգային պարկում աֆրիկյան էգ փղերը ծնվում են առանց փղոսկրի: Գիտնականները կարծում են, որ սա կենդանիների դաժան որսագողության եւ սպանության էվոլյուցիոն արդյունք է։
1970-ականներին Գորոնգոսում փղոսկր չուներ էգ փղերի 18.5 տոկոսը, իսկ այսօր, ըստ Science ամսագրի վերջին ուսումնասիրության, այդ թիվը կազմում է 51 տոկոս: Հետազոտողները պարզել են, որ առանց փղոսկրերի փղերը գոյատեւելու հինգ անգամ ավելի մեծ հավանականություն ունեն: