Morgan Stanley-ն կանխագուշակել է՝ ով կարող է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կարող է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը: Ինչպես գրում է The Guardian-ը, նման կանխատեսմամբ է հանդես եկել Morgan Stanley ներդրումային բանկը:
Morgan Stanley-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Մասկը, որն իր հարստության մեծ մասը վաստակել է էլեկտրական մեքենաների արտադրող Tesla ընկերությունից, կարող է շատ ավելի շատ գումար վաստակել տիեզերական հետազոտությունների նորաստեղծ SpaceX բիզնեսից:
Վերլուծաբան Ադամ Ջոնասն ասել է, որ ընկերությունը, որը հիմնադրվել է 2002 թվականին, «վիճարկում է ցանկացած կանխորոշված պատկերացում հնարավորի և դրա ժամկետների վերաբերյալ՝ հրթիռների, արձակման մեքենաների և օժանդակ ենթակառուցվածքների առումով»:
Նա հավելել է. «Մեկից ավելի հաճախորդներ մեզ ասել են, որ եթե Իլոն Մասկը դառնա առաջին տրիլիոնատերը… դա չի լինի Tesla-ի պատճառով: Մյուսներն ասում են, որ SpaceX-ը կարող է ի վերջո դառնալ աշխարհի ամենաբարձր գնահատված ընկերությունը՝ ցանկացած ոլորտում»:
Ջոնասը հավելել է, որ SpaceX-ի Starship բազմակի օգտագործման հրթիռները, որոնք կարող են մարդկանց և բեռներ տեղափոխել Լուսին և Մարս, ունակ են փոխելու ներդրողների սպասումները տիեզերական արդյունաբերության շուրջ:
Ներկայում SpaceX-ը գնահատվել է 100 մլրդ դոլար: