Ով Թուրքիայի բարյացակամությունը կընդունի որպես թուլություն, պատասխան կստանա. Էրդողան
«Թուրքական դատական համակարգի գործունեությանը միջամտելու և նրա ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փորձերն անընդունելի են», - երկուշաբթի երեկոյան ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ մեկնաբանելով մի քանի երկրների դեսպանատների սկանդալային հայտարարությունը Թուրքիայում Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ:
«Նրանք, ովքեր չեն հարգում մեր երկրի անկախությունը և մեր ազգի զգացմունքները, չեն կարող մնալ այս երկրում՝ անկախ իրենց կոչումներից: Երկրի ղեկավարի պարտականությունն է անհրաժեշտ պատասխան տալ մեր անկախ և անաչառ դատական համակարգի և նրա ներկայացուցիչների նկատմամբ այս անհարգալից վերաբերմունքին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով` Անկարայում դեսպանների հայտարարությունը «չի վերաբերում կոնկրետ անձի կամ խնդրի, այլ ուղղակիորեն ուղղված է Թուրքիայի դատական համակարգի և ինքնիշխան իրավունքների դեմ»:
«Նրանք, ովքեր վերադառնում են հին սովորություններին, Թուրքիայի բարյացակամությունը թուլության հետ շփոթելով, կստանան իրենց արժանի պատասխանը, եթե չընդունեն իրենց սխալը»,- ասել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան չի կարող թույլ տալ մի խումբ դեսպանների միջամտել երկրի դատական համակարգի գործունեությանը.
«Սահմանադրության համաձայն` նույնիսկ մեր օրենսդիր և գործադիր մարմիններն չունեն այդ իրավունքը: Նման վերաբերմունքը մեծ վիրավորանք է Թուրքիայի դատական իշխանության բոլոր ներկայացուցիչների, այդ թվում` դատավորների, դատախազների և փաստաբանների համար»,- նշել է նա։