Շուրջ 500 մլն եվրո. Հռոմում վաճառքի է հանվել վիլլա՝ Կարավաջոյի վրձնած բացառիկ որմնանկարով (լուսանկար)
Հռոմում գտնվող վիլլան, որը պարունակում է իտալացի նկարիչ Կարավաջոյի երբևէ նկարած առաստաղի միակ որմնանկարը, վաճառքի է հանվել գրեթե 500 միլիոն եվրոյով։ Կարավաջոն որմնանկարը ստեղծել է 20 տարեկանում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Յուպիտերի, Նեպտունի և Պլուտոնի 2,75 մետր լայնությամբ որմնանկարը 16-րդ դարում պատվիրել է կարդինալ Ֆրանչեսկո Մարիա Դել Մոնտեն՝ զարդարելու իր ալքիմիական լաբորատորիայի առաստաղը Casino di Villa Boncompagni Ludovisi-ում, որն ավելի հայտնի է որպես Villa Aurora:
Villa Aurora-ն, որը շրջապատված է բարձր պարիսպներով, գտնվում է Հռոմի կենտրոնում:
«Սա արտառոց աշխատանք է, որը դժվար է գնահատել, քանի որ այն միակ որմնանկարն էր, որ երբևէ արել էր Կարավաջոն, և դրա հետ համեմատելու ոչինչ չունենք»,- ասել է Հռոմի Սապիենցա համալսարանի պատմության պրոֆեսոր Ալեսանդրո Ցուկարին, որը վերահսկել է որմնանկարի գնահատումը:
Ցուկարին որմնանկարը գնահատել է ոչ պակաս, քան 310 միլիոն եվրո: Ամբողջ գույքը աճուրդի կհանվի հունվարի 18-ին՝ 471 մլն եվրո մեկնարկային գնով: Գույքի գնորդը ստիպված կլինի ծախսել ևս 11 միլիոն եվրո վերականգնման համար: