«Ամեն ծառ մի հերոսի կյանք է». Շուշիի մարտերում զոհված 21-ամյա Վահե Կարապետյանի անունով ծառ տնկվեց «Հավերժների այգում»
«Հավերժների այգում» տնկվեց Շուշիի պաշտպանության մարտերում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանի անունով ծառը։
21-ամյա Վահե Կարապետյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասում է՝ հետեւելու են որդու անվանական ծառին, որ իր բողբոջները տա, հետեւելու են կառուցվող հուշահամալիրին, որ վերածվի մեծ զբոսայգու։
«Ամեն ծառ մի հերոսի կյանք է, ամեն մի ծառ ունի մի հերոսի պատմություն։ Տղայիս անվանական ծառն է։ Կուզեի այստեղ ուղղակի ներկա գտնվել, ոչ իմ տղայի համար։ Դժվար է արտահայտել մեր հույզերը։ Շնորհակալ ենք բոլորին, որ մեր կողքին են, որ ամեն ինչ անում են, որպեսզի մեր տղաների հիշատակը վառ պահեն։ Տղաները հենց այնպես չեն գնացել, ամեն մեկը գնացել է մի նպատակով, մի երազանքով, որ հաղթանակած տուն վերադառնալուց հետո պիտի ունենային հզոր երկիր. հնարավոր չեղավ փրկել մեր տղաներին։ Հուշահամալիր է կառուցվում, գուցե նոր եկող սերունդներին հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու, ճիշտ ընկալելու՝ ինչ է կատարվել, ինչու են գնացել տղաները։ Կարծում եմ՝ բոլորը շատ բարձր գնահատական կտան տղաների այս քայլերին»,- ասում է Վահե Կարապետյանի մայրը։
Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Վահե Կարապետյանը վերջերս հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։
Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 9–ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։ Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։