Գիտնականները՝ ընկույզի օգտակար հատկությունների մասին
Հունական ընկույզի օգտագործումը դրական ազդեցություն է գործում սրտի առողջության վրա, օգնում է նիհարել և նպաստում է առողջ ծերացմանը, փոխանցում է Лента պարբերականը։
Հետազոտողների միջազգային խումբն ուսումնասիրել է 50-60 տարեկան գրեթե 34 հազար կանանց սննդակարգի, ֆիզիկական վիճակի և հիշողության տվյալները: Ուսումնասիրության մասնակիցները նաև հետազոտվել են քրոնիկ հիվանդությունների առկայության համար։ Նրանց հետևել են 4 տարի:
Արդյունքում գիտնականները պարզել են, որ տարեց կանայք, ովքեր շաբաթական առնվազն երկու չափաբաժին ընկույզ են ուտում, ավելի ամուր առողջություն ունեն, քան նրանք, ովքեր այդքան հաճախ ընկույզ չեն օգտագործում կամ դրանք ամբողջությամբ հանել են իրենց սննդակարգից:
Մասնագետների կարծիքով՝ ընկույզի օգտագործումն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը օմեգա-3 ճարպաթթուների մեծ պարունակության շնորհիվ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել բորբոքային պրոցեսների դեմ: