Շաբաթական երկու անգամ ձուկ ուտելու օգտակար ազդեցության մասին
Ամերիկացի բժիշկներն ու սննդաբաններն ասել են շաբաթական երկու անգամ ձուկ ուտելու օգտակար ազդեցության մասին, փոխանցում է Лента պարբերականը։
«Ձուկը, միանշանակ, սուպերսնունդ է: Այսինքն՝ սովորական սնունդ՝ արտասովոր օգուտներով», – ասել է սննդաբան, առողջ սնվելու վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Ջեքսոն Բլետները:
Նրա խոսքով, սննդամթերքի այս խումբը հարուստ է օմեգա-3 թթուներով, որոնք չափազանց օգտակար են ուղեղի համար. դրանք օգնում են ուղեղի բջիջներին պայքարել տարիքային փոփոխությունների, օդի աղտոտման և այլ բացասական գործոնների դեմ:
«Ամեն անգամ, երբ ձուկ եմ ուտում, ես պատկերացնում եմ, որ ուղեղս ավելի ու ավելի է ուժեղանում», – խոստովանել է Բլատները:
Սննդաբան Ջուլի Ափթոնը հավելել է, որ յուղոտ ձուկ՝ սաղմոն, սարդինա, իշխան և երկարալողակ թյունոս ուտելը անհրաժեշտ է սրտի հիվանդությունների կանխարգելման համար: Նա խորհուրդ է տվել շաբաթական երկու անգամ սննդակարգում ներառել այդ ձկներից՝ ինսուլտի և ինֆարկտի վտանգը նվազեցնելու համար: Բացի այդ, ըստ բժշկի, ձուկն օգնում է բարելավել քնի որակը և տևողությունը:
Ափթոնը հավելել է, որ եթե ձկան համը տհաճ է մարդու համար կամ նա չի կարող այն իրեն թույլ տալ, ապա կարելի է օմեգա-3 թթուներ ընդունել (դոկոսահեքսաենային և էիկոսապենտաենային) հաբերով, բայց մինչ այդ անպայման հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
Ափթոնի գործընկեր Քեթրին Բրուքինգը շեշտել է, որ սննդակարգում ձկան ներառումը կարող է օգնել հաղթահարել դեպրեսիան: Օրինակ, այն վայրերում, որտեղ մարդիկ շատ ձուկ են ուտում, օրինակ՝ Ճապոնիայում, Հոնկոնգում և Թայվանում, շատ ավելի քիչ մարդիկ են տառապում այս հոգեկան խանգարումով:
Բժիշկ-ռևմատոլոգ Սառա Թեդեշին նշել է, որ ձուկը կարող է օգնել պայքարել արթրիտի ախտանիշների դեմ: Նրա խոսքով, այն հիվանդները, ովքեր շաբաթական երկու անգամ իրենց սննդակարգում ներառում են ձկան ուտեստներ, ավելի քիչ են բողոքում ցավից և բորբոքումներից: