Մատչելի մթերքներ, որոնք օգնում են նիհարել
Շատերը վախենում են, որ ավելորդ քաշից ազատվելուն օգնող մթերքները շատ թանկ են և կարող են ծանր հարված հասցնել բյուջեին: Այնուամենայնիվ, կան մեծ թվով մատչելի մթերքներ, որոնք կօգնեն ոչ միայն գումար խնայել, այլև հասնել ցանկալի արդյունքների։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան Անաստասիա Տարասկոն:
Նախ, ինչպես ընդգծում է մասնագետը, նիհարելիս անհրաժեշտ է ամենօրյա սննդակարգում ներառել տարբեր գույների բանջարեղեն։
«Նիհարելուն, քաշի կորստին ուղղված ցանկացած սննդակարգ պետք է ներառի հնարավոր բոլոր տեսակի գունավոր բանջարեղեն, բացառությամբ բարձր օսլայի պարունակությամբ մթերքների՝ եգիպտացորենի և կարտոֆիլի: Ավելին, ցանկալի է օգտագործել այն բանջարեղենները, որոնք աճում են ձեր տարածաշրջանում. դրանք են կաղամբը, դդմիկը, կանաչի և այլն: Բանջարեղենի օգտագրոծման սահմանափակումներ չկան, միակ պայմանն այն է, որ դրանց պետք չէ ավելացնել բարդ սոուսներ», – հայտնել է Տարասկոն:
Բացի այդ, նա շեշտել է սննդակարգում հեշտ յուրացվող սպիտակուցի կարևորությունը, ինչպիսիք են հավը, հնդկահավը, տավարի միսը, ձուն և կաթնաշոռը:
«Հարկավոր է նաև ճաշացանկում ներառել չզտված բուսական յուղեր, և այստեղ արևածաղկի ձեթը կլինի ամենաէժանը և ընդունելին: Որպես այլընտրանք, բայց ավելի թանկ, մի բուռ ընկույզն է: Աղանդերի համար խորհուրդ եմ տալիս սեզոնային մրգեր՝ օրական մեկ-երկու կամ չրեր (օրական 30-40 գրամ), թույլատրվում է նաև մեղր»,- նշել է մասնագետը։
Քաշի կորստի համար էժան մթերք է գազարը: Այն բաղկացած է հիմնականում ջրից և ցածր կալորիականություն ունի: Բացի այդ, այն հարուստ է բջջանյութով, որն օգնում է սնունդն ավելի լավ մարսել, վիտամին K-ով, հակաօքսիդանտներով, կալիումով և բետա-կարոտինով:
Ավելին, մասնագետը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել սպանախին: Չնայած ցածր գնին, այն բարձր սննդային արժեք ունի և ցածր կալորիականություն և պարունակում է մանրաթել: Լոբազգիները ևս պարունակում են մանրաթել և սպիտակուց, ինչը կարող է օգնել նվազեցնել ախորժակը: Բացի այդ, դրանք պարունակում են կալիում, մագնեզիում, ֆոլաթթու և երկաթ:
Մատչելի, ցածր կալորիականությամբ, նաև շատ ջուր պարունակող պտուղ է գրեյպֆրուտը: Այն պարունակում է բազմաթիվ օգտակար միկրո և մակրո տարրեր՝ A, C, B6 վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, ֆոլաթթու, մագնեզիում, կալիում և պղինձ: Գրեյպֆրուտը բարերար ազդեցություն ունի իմունային համակարգի ամրապնդման վրա: