Որտե՞ղ է Հայաստանի շահերի կարմիր գիծը. 19 տարի անց լույս է տեսել Լևոն Մելիք-Շահնազարյանի քաղաքագիտական աշխատությունը (տեսանյութ)
Լրագրող, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ գրեթե քսան տարի առաջ գրված «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը» անտիպ աշխատությունը որդին վերջերս գտել է և արել հնարավոր ամեն բան, որ այն լույս տեսնի ու հայտնվի ընթերցողի սեղանին, քանի որ, նրա համոզմամբ, այնտեղ քաղաքական առաջարկներ կան, որոնք ժամանակավրեպ չեն և կարող են ուղղորդել քաղաքագիտությամբ զբաղվողներին, մասնավորապես՝ կան գնահատականներ, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի անվտանգությունը։
«Դա քաղաքական, քաղաքագիտական և պատմագիտական լուրջ վերլուծություն է մեր տարածաշրջանում ստեղծված վիճակի մասին, առաջարկներ են, թե ինչ դաշինքների կարող է մասնակից լինել Հայաստանը և ինչ արժեքների, սկզբունքների հիման վրա կարող է մասնակցել այդ դաշինքներին։ Մեծ հաշվով լուծումներ են Հայաստանի քաղաքակրթական ընտրության հետ կապված, Հայաստանի աշխարհաքաղաքական նպատակադրումների հետ կապված, թե ինչ խնդիրներ կարող ենք լուծել»,- գիրքը ներկայացնելիս՝ ասել է գրողի որդին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հեղինակն անդրադառնում է նաև Մոսկվա-Երևան-Թեհրան կապի հաստատման ճանապարհներին ու թե ինչպես այդ ծրագիրը մշակել։ Աշխատությունը նաև մատնանշում է Հայաստանի տեղը երկրագնդի վրա, մասնավորապես՝ տարածաշրջանում, որը թույլ կտա չգայթակղվել դրսի քաղաքագիտական այն բանաձևերից, որոնք Հայաստանում կիրառելիս հաջողությամբ չեն պսակվի։ Գիրքն առաջինն ընթերցողներից եղել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Այս աշխատությունը նրա մասին է, թե ինչպիսինն ենք մենք մշակութապես, քաղաքակրթապես, ինչպիսինն են մեր հարևանները մշակութապես, քաղաքակրթապես, ինչ շահեր ունեն մեր հարևանները, ինչ շահեր ունենք մենք, ինչպես կարող ենք համագործակցել, չենք կարող համագործակցել, որտեղ է մեր շահերի կարմիր գիծը։ Գիտելիք է այդ ամենի մասին, որը կարող է վերածվել մեր պետության արտաքին քաղաքակրթության գաղափարախոսության գոնե կմախքի»,- նշեց Միհրան Հակոբյանը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրականության մեջ կան այնպիսի նեղ թեմատիկ կարևոր ուղղություններ, որոնց սակավաթիվ մարդիկ են տիրապետել. դրանց գրավոր տեսք տալը, աշխատության տեսք տալը կարևոր է քայլ է, ինչին ժամանակին դիմել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։