Կամ F-35-երը, կամ գումարը. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրներին, փոխանցում է Ermenihaber-ը։
Նշելով, որ F-35 կործանիչները ձեռք բերելու համար Թուրքիան արդեն վճարել է 1,4 մլրդ դոլար, Բիլգիչը իրավիճակի հանգուցալուծման հետևյալ բանաձևն է առաջարկել․ «Մեր տարբերակներն են՝ կամ վերադառնում ենք F-35-երի ծրագրին, կամ մեր գումարը վերադարձնում են։ Օրակարգում է նաև մեր F-16-երը արդիականացնելու հարցը, որի շուրջ քննարկումները շարունակվում են»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ը հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա կողմից գնված, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռները, ինչպես նաև դադարեցվել էին ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։