Բայդենը չի ցանկանում սառը պատերազմ Չինաստանի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան ասել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում սառը պատերազմ Չինաստանի հետ, բայց չի նահանջելու իր դիրքերից։ Այս մասին հինգշաբթի օրը Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում կայացած հանրային հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ CNN-ի վրա հղումով։
«Ես շատ եմ խոսել եւ շատ ժամանակ եմ անցկացրել [Չինաստանի նախագահի հետ բանակցություններում]։ Դուք լսել եք, որ մարդիկ ասում են, որ Բայդենը ցանկանում է նոր սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ: Ես չեմ ուզում սառը պատերազմ Չինաստանի հետ»,-ասել է նա։
«Ես ուզում եմ, որ Չինաստանը հասկանա՝ մենք չենք նահանջելու, ոչ մի տեսակետ չենք փոխի»,-հավելել է Բայդենը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ մնացած աշխարհը գիտեն, որ ԱՄՆ-ն ունի լավագույն ռազմական ուժերը։ «Մի անհանգստացեք, որ նրանք [ԱՄՆ -ի մրցակիցները] ավելի ուժեղ կլինեն, դուք պետք է անհանգստանաք, թե արդյոք նրանք կձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն նրանց լուրջ սխալների»,-հավելել է Բայդենը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է «պաշտպանել Թայվանը, եթե Չինաստանը հարձակվի», ամերիկացի առաջնորդը պատասխանել է. «Այո, մենք պարտավոր ենք դա անել»։