Չարլզ Բուկովսկի «Հոլիվուդ»
«Ես եկել եմ այն եզրակացության, որ նրանք, ովքեր իրենց հարբեցող են համարում, իրականում այնքան էլ հարբեցող չեն: Որպեսզի դառնաս իսկական հարբեցող, դրա համար կպահանջվի երկու տասնյակ տարուց ոչ պակաս: Ես հարբեցող դարձա կյանքիս քառասունհինգերորդ տարում և դեռ ոչ մի անգամ չեմ զղջացել դրա համար»:
Բուկովսկու գրական ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ինքնակենսագրական է: Բացառություն չէ նաև «Հոլիվուդը», որի հիմքում ընկած է իրական պատմություն այն մասին, թե ինչպես է Բուկովսկին աշխատել «Գինարբուք» ֆիլմի սցենարի վրա, որը 1987թ. էկրանավորեց հայտնի ռեժիսոր Բարբետ Շրյոդերը: Կերպարների անունների տակ իրական մարդիկ են թաքնված: Ջեկ Բլեդսոուն իրական Միկի Ռուրքն է, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Ֆրանսին Բուերսը՝ դերասանուհի Ֆեյ Դանաուեյը, Ջոն Պինչոտը՝ նույն ինքը ռեժիսոր Բարբետ Շրյոդերը, ով, ինչպես նկարագրում է գրքում հեղինակը, պատրաստ էր դիմել ամեն խենթ քայլի ֆիլմի էկրանավորման իրավունքը ստանալու համար: Վեպում հիշատակվում են նաև պրոդյուսեր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլան, գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգը, Շոն Փենը, ով գլխավոր դերակատարի թեկնածու էր, նրա կինը՝ Մադոննան: Բուկովսկին հաճախ անուններում ընդամենը մի տառ է փոխել, որպեսզի նրանք ճանաչելի լինեն ընթերցողին: Երևում է Հոլիվուդը իր ողջ փայլով ու ներքին շահերի բախմամբ, մի աշխարհ, որն արտաքինից կարող է կուրացնել, բայց իրականում այն գիշատիչների բույն է: Ինչպես Բուկովսկին է նշում.« Ես Հոլիվուդից վախենում եմ, այդ պատճառով կարծում եմ, որ էլ սցենար չեմ գրի»:
Վեպում Բուկովսկին երևան է գալիս նախ կինոաշխարհի ֆոնի վրա որպես սցենարիստ, և երկրորդ ու թերևս ավելի խորը՝ իր կյանքի ամենաթաքուն մանրամասներով, որի մասին մինչ այդ չի խոսել: Նա սցենար է գրում մի հարբեցողի մասին, ով գիշեր- ցերեկ քարշ է գալիս բարերում, ում երազանքը խմելն է ու ստեղծագործելը: Այդ հարբեցողը ինքն է՝ Բուկովսկին, սա նրա կյանքն է՝ մարդկանց մեջ ու հասարակությունից հեռու. («Ես ինձ լավ չեմ զգում մարդկանց մեջ, իսկ երբ հարբում եմ, ամեն ինչ իր տեղն է ընկնում»): Բուկովսկին չի վախենում իրեն հանրության սեփականություն դարձնել որպես հարբեցող, բայց դա այնքան նրբանկատ է անում, որ այդ հարբեցողին ոչ ոք ատել չի պատրաստվում: «Երբ գրում էի սցենարը, իմ հիշողության մեջ կենդանանում էին բարի այցելուները: Ես տեսնում էի նրանց դեմքերը, մարմինները, լսում էի նրանց ձայները: Հիշում էի բարմենի հետ իմ վեճը: (Սցենարում մանրամասն նկարագրվում է այդ կռիվը): Դա իմ կյանքի այն հատվածն էր, որը ես դեռ չէի նկարագրել: Ես գիտեի մի աշխարհի գոյության մասին, որտեղ առավոտից մինչև գիշեր, մինչև մահ մեռնում էին հարբեցողության մեջ լողացող մարդկային հոգիներ: Ես երբեք այդ աշխարհի մասին չէի կարդացել, ուստի որոշեցի ինքս գրել այնպես, ինչպես հիշում եմ»:
Գաղտնիք չէ, որ Բուկովսկու կյանքում տասնյակ կանայք են եղել, բայց պաշտոնապես ամուսնացած է եղել երեք կնոջ հետ: Առաջին կնոջը՝ Ջեյն Բեյքերին՝ Ֆրանսին Բաուերսի կերպարում և վերջին կնոջը՝ Լինդա Լի Բեգլիին՝ Սառայի կերպարում, հանդիպում ենք վեպում: Երկու կանայք էլ մեծ նշանակություն են ունեցել գրողի կյանքում: «Ջեյնը միակն էր նրանցից, ում ես հանդիպել եմ, ով այդքան շատ էր ատում մարդկային ցեղը, ինչպես ես»: Ջեյնի հետ կյանքը խենթ էր, նա իրեն սովորեցրեց հարբեցողության գաղտնիքները: Սառայի կերպարում հանդես եկող Լինդան նախկին դերասանուհի էր, ով ուղեկցում էր Բուկովսկուն հոլիվուդյան հավաքներին ու թեև կամակոր, բայց հանդարտ կին էր: « Աստվածները Սառային ուղարկել էին ինձ կյանքս տասը տարով երկարացնելու համար»: ( Նրանց համատեղ կյանքի մանրամասները նկարագրվում են վեպում):
Երբեմն կարող է ձանձրալի թվալ վեպում անընդմեջ հանդիպող տեսարանը՝ ինչպես է Բուկովսկին մինչև վերջին կաթիլը դատարկած շիշը անմիջապես փոխարինում նորով: Բայց անգամ պարզ թվացող այդ տեսարաններն այնքան տեղին են մատուցված, այնքան անկեղծ, որ պատրաստ ես անվերջ քեզ զգալ հեղինակի կյանքի անբաժան մասը՝ նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն թեթև ցինիզմին, որով հարուստ են Բուկովսկու և՛ այս, և՛ մեծ մասամբ մյուս գործերը:
Բուկովսկին անուղղելի ռեալիստ է, բայց և հոգում՝ նուրբ լիրիկա կրող: Երբեք չի անհանգստանում, թե ինչ է գրում, այլապես ոչ մի տող չէր գրի: Բայց Հոլիվուդն իսկապես իրենը չէր, ինչը բազմիցս զգացնել է տալիս վեպում: « Հոլիվուդը չորս հարյուր անգամ ավելի վատն է, քան իմ նկարագրածը: Իհարկե, եթե ես այն ավարտեմ, իմ դեմ, հավանաբար, դատական գործ կհարուցեն, թեև այնտեղ ամեն ինչ ճիշտ է: Այդ դեպքում ես կկարողանամ վեպ գրել դատական համակարգի մասին»:
ԼԻԼԻ ՅԱՆԻ