Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը
Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրվել է 981 թ. Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը' Դավիթ քահանան:
Այն համարվում է հայ ձեռագրական արվեստի բարձրարժեք նմուշներից մեկը (Մատենադարան, ձեռ. դ 2679): Բաղկացած է 360 թերթից, ունի 28,5×15,5 սմ մակերես («Մատեան գիտութեան եւ հավատոյ Դավթի քահանայի», նմանատպություն: Ուսումնասիրությունը, վերծանությունը, ծանոթագրության ցանկերը աշխատասիրությամբ Ա. Մաթևոսյանի, Ե., 1997):
Հնությամբ աշխարհում չորրորդն է, բովանդակության կարևորությամբ' առաջիններից (որպես գիտական նյութերի ժողովածու): Հայերեն հնագույն թղթյա ձեռագիրը ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է և բոլորգրով գրված առաջին ամբողջական մատյանը: Կազմել է Դավիթ քահանա մատենագիրը, գրել որդին' Ղուկասը (հավանաբար' Արգինայում): Բովանդակում է աստվածաբանական, պատմագրական, տիեզերագիտական, տոմարագիտական, չափագրական, աշխարհագրական, փիլիսոփայակ նյութեր, ժամանակագրական, գեղարվեստական առանձին երկեր, հանելուկներ:
Ընդգրկում է հայ հեղինակների մեծ ցանկ' Գրիգոր Ա Լուսավորիչ, Եղիշե, Մովսես Խորենացի, Հովհաննես Ա Մանդակունի, Աթանաս Տարոնացի (որպես ժամանակագիր առաջին անգամ ենք հանդիպում), Դավիթ Հարքացի, Պետրոս Սյունեցի, Վրթանես Քերթող, Անանիա Շիրակացի, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ: Այստեղ ընդգրկված են նաև Փիլոն Ալեքսանդրացու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Ապողինար Լաոդիկեցու, Գրիգոր Նյուսացու, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց երկերից հատվածներ: