10 000 տոննա ձուկ է դուրս եկել լճից, ցույց են տվել 350 տոննա. Հիմա մաֆիայի մեջ նախարարն է, թե Նիկոլը, ես չգիտեմ. ձկնորս
Կանչեք շրջակա միջավայրի նախարարին, թող գա մեզ պատասխան տա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին դիմելով ասել է Սեւան-Երեւան մայրուղին փակած ձկնորսներից մեկը:
Նրանք բողոքում են գործող կարգից, ըստ որի մինչեւ հոկտեմբեր թույլատրվել է արդյունագործական ձկնորսություն որոշակի չափի սահմանափակումով, իսկ դրանից հետո արգելվել է որսը:
Մարզպետն արձագանքեց, որ կա կառավարության որոշում, որը չկատարել չեն կարող, ինչին ի պատասխան ձկնորսը հայտարարեց, որ այդ երկրում կառավարություն չկա. «Մենք կառավարությունը փոխեցինք, որ աշխատի ժողովրդի համար, բայց չի աշխատում»:
Երբ մարզպետը խնդրեց բացել ճանապարհը, ժամանակ տալ, որ հարցը քննարկվի կառավարությունում, գյուղացիներից մեկն ասաց. «Դու սխալ ձեւ ես ասում: Դու պետք է ասես՝ գնացեք ձեր գործին, հանգիստ աշխատեք, մինչեւ ես ձեր հարցին լուծում տամ»:
Ակցիայի մասնակցներից մեկը նշեց, որ իրականում պատկան մարմինները լավ չեն աշխատում, հսկիչները գալիս 100 կգ ձուկ բռնողի դիմաց գրում են մեկ կգ, 200 կգ բռնողի դիմաց՝ 2 կգ. «10 հազար տոննա ձուկ է դուրս եկել լճից, իրենք թղթով ցույց են տվել 350 տոննա: Բյուջե մուծվել է ընդամենը այդ 350 հազար տոննայի փողը: Հիմա թե ազգային պարկի տնօրենն է մաֆիայի մեջ, նախարարն է մաֆիայի մեջ, թե Նիկոլը, դա իրենք իրար մեջ թող հասկանան»:
Ձկնորսներից մեկն էլ ընդգծեց. «Մենք մեր հացը սրանով ենք վաստակում, եթե կտրեցին, մենք կդառնանք հանցագործ: Մենք ձուկը պետք է բռնենք: Էդ լոդկեն իրենք էին առել, որ եկել տանում էին կամ ջարդում էին»: