Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն Եվրասիական միության Միասնական ռեեստրում
Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն Եվրասիական միության Միասնական ռեեստրում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 20-ին, Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2014թ. օգոստոսի 15-ի «Տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների համար անձնագրի միասնական ձեւ, ներառյալ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպումը, մտցնելու մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, ասաց հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։
Փոխնախարարը պարզաբանեց, որ այս համաձայնագրով ԵԱՏՄ մասնակից երկրներում կստեղծվի միասնական էլեկտրոնային պլատֆորմ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
«Դա թույլ կտա իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ գործառույթ է կատարում կոնկրետ ավտոմեքենան։ Այնուամենայնիվ, Հայաստանը կմիանա համաձայնագրին վերապահումով։ Նման վերապահում գրանցել է նաեւ համաձայնագրի հիմնադիր անդամ Ղազախստանը։ Այդ համաձայնագրի գործողությունը չի տարածվի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի եւ այլ զորատեսակների ինքնագնաց մեքենաների, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա»,- ընդգծեց Գեւորգյանը։
Քննարկման արդյունքներով՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած համաձայնագրին։